Ակնաբույժ Նարեկ Միքայելյան

Ծառայություններ

Խալազիոնի (ակնագարիկի) հեռացում

Աչքի որոշ հիվանդություններ սխալմամբ ընկալվում են որպես սոսկ էսթետիկ խնդիր, որը բուժում չի պահանջում: Այդպիսի հիվանդությունների թվին է պատկանում կոպի խալազիոնը (ժողովրդական լեզվով՝ տիկնակն)։ Այն իրենից ներկայացնում է վերին կամ ստորին կոպի ներսում մեյբոմյան գեղձի ճարպային սեկրետի (արտազատուկի) պինդ, պատիճավորված կուտակում: Հունարենից թարգմանաբար «խալազիոն» բառը մոտավորապես համապատասխանում է հայերեն «կարկուտի հատիկ» կամ «ոլոռահատիկ» բառերին:
Արտաքուստ այս հիվանդությունը հիշեցնում է բոլորին քաջ հայտնի գարիկը (ячмень), սակայն դրանց միջև կա բավականին մեծ ու էական տարբերություն: Նախ և առաջ, գարիկը (հորդեոլում) սուր, թարախային, վարակաբորբոքային գործընթաց է, որը մեծամասամբ հարուցվում է բակտերիաների (սովորաբար՝ ոսկեգույն ստաֆիլակոկի) կողմից: Այս դեպքում բորբոքվում է ոչ թե մեյբոմյան գեղձը, այլ մեկ ուրիշ՝ Ցեյսի ճարպագեղձը կամ թարթիչի ֆոլիկուլը (արմատը): Ճիշտ բուժման դեպքում, կամ նույնիսկ առանց դրա (եթե օրգանիզմի իմունային համակարգը բավականաչափ ուժեղ է), գարիկն անհետանում է 5-7 օրվա ընթացքում:
Իսկ խալազիոնն առաջանում է բոլորովին այլ՝ ոչ վարակային պատճառներով (չնայած նախկինում տարած բորբոքային գործընթացը հանդիսանում է ուղղակի ռիսկի գործոն), ունի այլ ընթացք և պահանջում է բուժման լրիվ այլ մոտեցում:

Խալազիոնի ախտանիշները

Խալազիոնը կոպի այլ նորագոյացություններից (օրինակ՝ գարիկից) տարբերելու հիմնական նշաններն են.
  • Գեղձի ծորանի լուսանցքում թարախային արտադրության բացակայությունը,
  • Սուր բորբոքման և ցավի բացակայությունը,
  • Շոշափելիս պատիճի (հանգույցի) շարժունակությունը,
  • Աչքերը թարթելիս տհաճ զգացողությունների բացակայությունը:
Ինքնին «դասական»՝ առանց բարդությունների ընթացող խալազիոնը որևէ սպառնալիք չի ներկայացնում պացիենտի կյանքի ու առողջության համար և չի ազդում տեսողության սրության վրա: Այնուամենայնիվ, այն առաջացնում է տեսանելի էսթետիկ (կոսմետիկ) դեֆեկտ, որը երբեմն կարող է պահպանվել մինչև մեկ տարի կամ ավելի և ունի կրկնվելու (ռեցիդիվի) հակում: Այդ պատճառով անհրաժեշտ է ձեռնարկել խելամիտ միջոցներ՝ այն ժամանակին բուժելու, կանխարգելելու, ինչպես նաև դրա առաջացման հիմնական պատճառներն ու ռիսկի գործոնները վերացնելու համար: Որոշ դեպքերում խալազիոնը կարող է ուղեկցվել հետևյալ ախտանիշներով.
  • Թեթևակի կարմրություն (հիպերեմիա),
  • Մաշկի թեփոտում հանգույցի հատվածում,
  • Արցունքահոսություն,
  • Թարթիչների ներշրջում (դեպի աչքի կողմ),
  • Աչքի մեջ ավազի զգացողություն,
  • Կոպի քոր՝ խալազիոնի տեղակայման հատվածում:
  • Որոշակի տեղակայման դեպքում (երբ հանգույցը գտնվում է կոպի ներսի՝ լորձաթաղանթի մակերեսին մոտ) շփման հետևանքով կարող է առաջանալ նաև եղջերաթաղանթի ու շաղկապենու (կոնյուկտիվայի) մեխանիկական գրգռում և բորբոքում:

Խալազիոնի առաջացման պատճառները

Խալազիոնի զարգացմանը կարող է հանգեցնել նախկինում տարած ցանկացած վարակաբորբոքային հիվանդություն (շաղկապենաբորբ՝ կոնյուկտիվիտ, կոպաբորբ՝ բլեֆարիտ, գարիկ և այլն): Առաջացման մյուս հիմնական պատճառներից են.
  • Էնդոկրին (ներզատական) համակարգի խանգարումները,
  • Հորմոնալ տեղաշարժերը (դիսբալանսը) օրգանիզմում,
  • Մաշկի ընդհանուր յուղոտությունը (ճարպագեղձերի գերֆունկցիան),
  • Կոսմետիկ միջոցների չարաշահումը կամ ավելորդ օգտագործումը,
  • Անձնական հիգիենայի կանոնների թերացումը,
  • Մրսածությունը և վիրուսային հիվանդությունները,
  • Կոնտակտային ոսպնյակների սխալ կամ ոչ հիգիենիկ օգտագործումը:
Վատ սովորությունները, անհավասարակշռված սննդակարգը և մշտական սթրեսները հանգեցնում են իմունիտետի անկման, ինչն էլ իր հերթին նպաստում է կոպի հյուսվածքների վարակմանը: Երբեմն խալազիոնները կարող են առաջանալ միաժամանակ երկու աչքի վրա կամ նույն աչքի տարբեր կոպերին: Իսկ հիվանդության կրկնությունը (ռեցիդիվը) նույն տեղում սովորաբար պայմանավորված է լինում թերի բուժմամբ կամ նախորդ խալազիոնի ոչ ամբողջական հեռացմամբ:

Խալազիոնի ախտորոշումը

Բժիշկ-ակնաբույժը կարող է հայտնաբերել խալազիոնը առաջնային խորհրդատվության ժամանակ՝ սովորական կենսամանրադիտման (բիոմիկրոսկոպիայի) և ճեղքային լամպով ակնազննման ընթացքում:
Ստանդարտ ակնաբուժական հետազոտությունը լիարժեք տեղեկատվական է, հենց այդ պատճառով էլ լրացուցիչ ախտորոշիչ մեթոդների կարիք, որպես կանոն, չի լինում: Զննման ընթացքում պացիենտից անպայման ճշտվում են հետևյալ տվյալները.
  • Կա՞ն արդյոք տեսողության հետ կապված խնդիրներ,
  • Նախկինում եղե՞լ են սուր վիրուսային վարակների դրվագներ,
  • Ինչպիսի՞ն է օրգանիզմի իմունային կարգավիճակը (իմունիտետը),
  • Կա՞ն ուղեկցող քրոնիկական հիվանդություններ, մաշկային սուր վարակներ, տուբերկուլյոզ կամ օնկոլոգիական խնդիրներ,
  • Եղե՞լ են արդյոք աչքի վնասվածքներ կամ վիրահատական միջամտություններ,
  • Պացիենտը գտնվե՞լ է արդյոք դեղամիջոցների, տոքսինների (թունավոր նյութերի) կամ ալերգենների ազդեցության տակ:
Նարեկ Միքայելյան

Նարեկ Միքայելյան

Ակնաբույժ - ակնավիրաբույժ

Դիմելով ինձ՝ Դուք վստահում եք Ձեր առողջությունը մի մասնագետի, ում համար ամենամեծ վարձատրությունը Ձեր առողջ ու պարզ հայացքն է:

Գրանցվել հիմա

Խալազիոնի բուժման մեթոդները

Լաբորատոր և ախտորոշիչ հետազոտություններ վիրահատությունից առաջ

Նախքան վիրահատությունը, բժիշկը պացիենտին ուղեգրում է լիարժեք լաբորատոր հետազոտությունների՝ օրգանիզմի ընդհանուր վիճակը գնահատելու համար: Եթե պացիենտն չունի որևէ հակացուցում, նշանակվում է վիրահատության օրը: Հետազոտությունների արդյունքներում նորմայից շեղումներ հայտնաբերվելու դեպքում, կլինիկան իրավունք է վերապահում մերժել կամ տեղափոխել վիրահատության օրը:
Բոլոր անալիզների արդյունքները պետք է վավեր լինեն վիրահատության օրվա դրությամբ. հետազոտությունների ժամկետները խստորեն սահմանափակված են։
  • Արյան ընդհանուր քննություն (ԱԸՔ) — վավեր է 14 օր,
  • Արյան մակարդելիության ժամանակ (կոագուլոգրամա) — վավեր է 14 օր,
  • Արյան գլյուկոզա (շաքար) — վավեր է 14 օր,
  • Սիֆիլիս (RW) — վավեր է 1 ամիս,
  • Հեպատիտներ B և C — վավեր է 3 ամիս,
  • ՄԻԱՎ (ВИЧ) — վավեր է 3 ամիս,
Նարեկ Միքայելյան

Նարեկ Միքայելյան

Ակնաբույժ - ակնավիրաբույժ

Դիմելով ինձ՝ Դուք վստահում եք Ձեր առողջությունը մի մասնագետի, ում համար ամենամեծ վարձատրությունը Ձեր առողջ ու պարզ հայացքն է:

Գրանցվել հիմա

Ամբուլատոր ակնաբուժական միջամտությունների առավելությունները մեր կլինիկայում

Մանրակրկիտ ակնաբուժական հետազոտություն

Պարտադիր նախապայման է ցանկացած վիրահատական միջամտությունից առաջ, որը թույլ է տալիս հաստատել ճշգրիտ ախտորոշումը և ընտրել վիրաբուժական ամենաարդյունավետ մարտավարությունը։

Որակավորված մասնագետներ

Վիրահատություններն իրականացվում են բարձրակարգ ակնավիրաբույժի կողմից, ով պարբերաբար կատարելագործում է իր հմտությունները։ Նրա բազմամյա փորձը հաստատված է հազարավոր հաջողված վիրահատություններով և գոհունակ բուժառուներով։

Գերճշգրիտ սարքավորումներ

Ամբուլատոր վիրահատություններն իրականացվում են աշխարհի առաջատար արտադրողների ժամանակակից, թվային սարքավորումների կիրառմամբ։

Հանգիստ և հարմարավետ միջավայր

Բուժման բոլոր փուլերում կիրառվում են ցավազրկման և անզգայացման ժամանակակից մեթոդներ, ինչի շնորհիվ միջամտությունները գրեթե անցավ են անցնում։

Բուժառուների անվտանգություն

Միկրովիրաբուժական տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն է տալիս միջամտությունները կատարել հյուսվածքների համար առավելագույնս անվնաս (ատրավմատիկ)։ Բոլոր վիրահատություններն անցկացվում են միջազգային բարձր չափանիշներին համապատասխան։

Վիրահատություն առանց հոսպիտալացման

Վիրահատություններն իրականացվում են «մեկ օրվա մեջ» ռեժիմով։ Առանց կարերի (անթել) վիրաբուժության մեթոդների շնորհիվ միջամտությունը տևում է ընդամենը 15-20 րոպե։

ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՆԹԱԲԱԺԻՆՆԵՐ
Գլխավոր Տեղակայում
ԶԱՆԳ
Գրանցվել WhatsApp